National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.03.2022
Խորհրդարանական լսումներ՝ ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 31

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը մարտի 21-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հեղինակն ընդդիմադիր խմբակցության  քարտուղար Հայկ Մամիջանյանն է: 

Լսումներին մասնակցել են Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների գործող եւ նախկին պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքագետներ:

Բացելով լսումները՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձել է հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում առկա իրավիճակին, Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին եւ անվտանգային խնդիրներին, իշխանությունների գործելաոճին:

Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ընդգծել է քննարկվող նախաձեռնության կարեւորությունը:

Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս անգամ, իսկ վարչապետը՝ երկու անգամ, Ազգային ժողով պետք է ներկայացնեն զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները խորհրդարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին, հնարավորություն կտան հավասարապես իրացնել օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով խորհրդարանական վերահսկողությունն իրականացնել ավելի լայն ծավալով:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումները հնարավորություն կընձեռեն, որպեսզի պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ներկայացված զեկույցի վերաբերյալ քննարկում կազմակերպվի Ազգային ժողովի հերթական նիստում:

«Այս լուծումը կա տարբեր երկրներում»,- պարզաբանել է Հայկ Մամիջանյանը:

Նախագծի կարեւորությանը, աշխարհաքաղաքական իրավիճակին եւ զարգացումներին, տարածաշրջանային մարտահրավերներին, Արցախի կարգավիճակին եւ արցախահայության անվտանգությանը, գերիներին, իշխանությունների  վարած արտաքին քաղաքականությանը, իշխանափոխության անհրաժեշտությանը, գնաճին, Արցախում գազատարը վթարվելու հետեւանքով առաջացած իրավիճակին, հայ-թուրքական բանակցություններին, իշխանության՝ խաղաղության դարաշրջան բացելու ծրագրին, ինչպես նաեւ Ադրբեջանի անընդունելի հռետորաբանությանն են անդրադարձել լսումների մասնակիցները:

Նրանցից ոմանք նախագծի վերաբերյալ նաեւ առաջարկներ են ներկայացրել: Մասնավորապես առաջարկվել է, որ տարեկան 4 անգամ խորհրդարանին զեկույցներ ներկայացնեն նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԱԱԾ տնօրենը: Որոշ ելույթ ունեցողների գնահատմամբ՝ նախագիծը կարեւոր է, քանի որ այն թափանցիկ եւ հաշվետու լինելու մշակույթ կարող է ձեւավորել երկրում, ինչպես նաեւ ավելացնել գործադիր մարմնի նկատմամբ օրենսդիրի վերահսկողական գործառույթը:

Եզրափակիչ ելույթում խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել նախագծի շահագրգիռ քննարկման համար՝ մեկ անգամ եւս ընդգծելով քննարկվող նախագծի կարեւորությունն ու ընդունման անհրաժեշտությունը: «Որեւէ իշխանություն չի կարողանալու հանրության թիկունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել՝ արտաքին քաղաքական հարցերին վերաբերող: Դա շատ կարեւոր գործիք է, որը թույլ կտա հետագայում նաեւ պատմության մեջ օգտագործել՝ հասկանալու, թե ո՞վ, ի՞նչ է արել իր երկրի, իր պետության համար»,- ամփոփելով խոսքը՝ ասել է խմբակցության ղեկավարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am